February 17, 2017

«Նարեկացի» արուեստի միութեան Շուշիի սաները այցելեցին հայ զինուորներին

Մեր մեքենան ընթանում է առաջ` ճեղքելով ճանապարհի սառոյցն ու ցուրտը։ «Նարեկացի» արուեստի միութեան սաները շտապում են իրենց երգ ու պարով, ասմունքով, նուէրներով ընդառաջ դուրս գալ Հոռաթաղում գտնուող Հայոց Բանակի զօրամասի զինուորներին ու սպաներին։ Գեղանկարչութեան խմբակի երեխաները զօրամասի Սուրբ Գէորգ եկեղեցուն նուիրեցին Սուրբ Տիրամօր սրբապատկերը։ Կարպետագործութեան խմբակի երեխաները զինուորներին նուիրեցին իրենց գործած թեւնոցները՝պաշտպանիչ խաչը վրան։ արուեստաբուժութեան խմբակի սաները զինուորներին հիւրասիրեցին իրենց պատրաստած տոպրակների մէջ լցրած տօնական աղանձը։

Կիթառի հնչիւնները զինուորներին տարան դէպի հայրենական տուն, մայրական գիրկ, իսկ երեխաների հայրենասիրական բանաստեղծութիւնները նրանց աւելի քաջ ու զգօն դարձրին։ Անսպասելի անակնկալ ունեցանք։ Զինուորների մէջ երկուսը քաջ գտնուեցին եւ մեր տղաների հետ պարեցին «Եարխուշտա» պարը։ Այս պարը մեր նախնիները պարում էին պատերազմ գնալուց առաջ. այն քաջութեան ու խիզախութեան խորհուրդ ունի։ Եւ վերջում զինուորների հետ նստեցինք՝ ճաշակելու Տեառնընդառաջին նուիրուած սիրոյ կերակուրը, որը կոչւում է «Ագապէ»։ Թող որ Տեառնընդառաջը մեր աշխարհին խաղաղութիւն բերի։

«Նարեկացի» արուեստի միութեան Շուշիի սաներ


         
       Kantsasar Weekly  Diario Armenia